«Ալ Կաիդա»-ի 5 մլն դոլարը «հալչել» է Ադրբեջանում
Международные новостиՌուսաստանի դաշնային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության եւ ներքին գործերի նախարարության ռազմական ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից Դաղստանում համատեղ անցկացված գործողության ժամանակ սպանվել է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապված «Կովկասի ամիրայություն» խմբավորման առաջնորդ Մագոմեդ Սուլեյմանովը:
Ինչպես հաղորդում է virtualaz.org կայքը, 39-ամյա Սուլեյմանովը «Կովկասի ամիրայության» առաջնորդ էր հայտարարվել այս տարվա ապրիլին: Հյուսիսային Կովկասում գործող բոլոր արմատական զինված խմբերը ենթարկվում են այդ խմբավորմանը:
Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ահմեթ Յարլըքափովը հայտնել է, որ «Կովկասի ամիրայությունը» կապված է «Ալ Կաիդա»-ի հետ, որի եւ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման միջեւ խիստ մրցակցություն է տիրում:
Նրա խոսքով` ներկայում «Կովկասի ամիրայությունը» գտնվում է «Ալ Կաիդա»-ի թշնամի հանդիսացող ԻՊ-ի լուրջ ազդեցության տակ: «Ալ Կաիդա»-ն երկար ժամանակ ֆինանսավորել է «Կովկասի ամիրայությանը»:
«Անցյալ տարվա վերջերից սկսած «Կովկասի ամիրայության» նշանակալից թուլացման պատճառն այն է, որ այն չի ստացել «Ալ Կաիդա»-ի հերթական տրանշը: Վերջին տեղեկություններով` նման ֆինանսական տրանշներից` 5 մլն դոլարը «հալչել» է Ադրբեջանում եւ կորչել: Ցանցի մասնակիցներից մեկը չի կարողացել այդ փողը փոխանցել հաջորդ միջնորդին», -ասել է Յարլըքափովը:
«Կովկասի ամիրայության» թուլացման պատճառներից մեկն էլ այն է, որ անցյալ տարվա վերջերից սկսած դաշտային հրամանատարները մեկը մյուսի հետեւից երդում են տվել ԻՊ-ին:
«Այս տարվա հունիսի 26-ին համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում Հյուսիսային Կովկասում գործող բոլոր զինյալները միանում են ԻՊ-ին: Այդ տեսադիմումը տարածած զինյալները Ադրբեջանը հայտարարել էին որպես ԻՊ-ի մարզ», -նշել է ադրբեջանական կայքը: