Քըլըչդարօղլուն բացահայտել է Դավութօղլուի հետ բանակցությունների բովանդակությունը
Международные новостиԸնդդիմության հետ բանակցություններում Թուրքիայի իշխանությունները մինչ այժմ մեզ ոչ թե կոալիցիա են առաջարկել կազմել, այլ խոսել են միայն անցումային կառավարություն ձեւավորելու մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» թերթը, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին բանակցությունների արդյունքների շուրջ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
«Դավութօղլուն մեզ երկու առաջարկություն է ներկայացրել. ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման մեջ մասնակցություն եւ ԱԶԿ-ին աջակցություն` փոքրամասնության կառավարություն ձեւավորվելու դեպքում», -ասել է Քըլըչդարօղլուն:
Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիայում շատ լուրջ խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ է 4 տարի ժամկետով կոալիցիոն կառավարություն ձեւավորել:
«Մենք մեր կարծիքը հասցրել ենք հակառակ կողմի ուշադրությանը: Բայց ԱԶԿ-ն առաջարկում է եռամսյա ժամկետում լուծել միայն որոշակի հարցեր, որոշել ծրագիրը եւ արտահերթ ընտրություններ անցկացնել», -հայտնել է նա:
Քըլըչդարօղլուն համոզմունք է հայտնել, որ ԱԶԿ-ն վայր կդնի լիազորությունները, եթե չկարողանա կառավարություն ձեւավորել:
ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «անհրաժշետություն է ծագել Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»:
«Ընդդիմության հետ կոալիցիոն կառավարության համար որեւէ հնարավորություն չկա», -ասել է նա:
«Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժշետություն է ծագել: Մեծ հավանականությամբ այդպես էլ կլինի: Որովհետեւ կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար պայմաններ չկան: Ես նախապատվությունը տալիս եմ Թուրքիայի խորհրդարանի որոշման համաձայն արտահերթ ընտրություններին», -հայտարարել է Դավութօղլուն:
Դավութօղլուն հայտնել է, որ ԺՀԿ հետ գլխավոր տարակարծությունը կապված է արտաքին քաղաքականության եւ կրթության հարցերի շուրջ:
Դավութօղլուն չի բացառել անցումային կառավարություն ձեւավորելու հարցով «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ կրկնական հանդիպումը: