Բաքվում դարձյալ ինքնահրկիզմամբ ինքնասպանության դեպք է գրանցվել
Международные новостиԲաքվի կենտրոնական շուկայում կինը ցուցադրական ինքնահրկիզման գործողություն է կատարել:
Ինչպես հաղորդում է lent.az լրատվական կայքը, ինքնահրկիզմամբ ինքնասպանություն է գործել Խաթիրա Նադիր գըզը Իմանովան (ծնվ.1979 թ.): Նա իր վրա բենզին է լցրել եւ հրկիղել իրեն շուկայի ձկան բաժնում:
Նրա մոտ գտնվող մարդկանց չի հաջողվել մարել կրակը, եւ կինը տեղում մահացել է բազմաթիվ այրվածքներից:
Պատճառները, որոնք կնոջը դրդել են նման հուսահատ քայլի, հայտնի չեն:
2015 թվականի ընթացքում սա քաղաքացու ինքնահրկիզման դիմելու արդեն 9-րդ դեպքն է Ադրբեջանում, որից 5-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը` ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում արդեն 121 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որից 6-ն անչափահաս, երկուսը` ղարաբաղյան պատերազմի վետերան եւ հաշմանդամ:
2014 թ-ին այդ երկրում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ն անչափահասներ են եղել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: