Այսօր Orer.am-ը տեղեկություն ստացավ, որ ՀՀ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արսեն Բաբայանը նշանակվելու է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա նշանակվելու է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ:
Ի դեպ, Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի պաշտոնում Բաբայանն աչքի է ընկել լրատվամիջոցների հետ սերտ աշխատանքով, լրագրողների հետ մշտապես պահպանել է կոռեկտություն և օպերատիվ արձագանքել է բոլոր դիմումներին: Ավելին, նման փակ համակարգի պայմաններում նրա աշխատանքը եղել է թափանցիկ, մամուլի հարցադրումները ամենակարճ ժամկետում ստացել են պատշաճ պատասխաններ: Կարելի է ասել՝ պարոն Բաբայանի պաշտոնավարման շրջանում Դատական դեպարտամենտում այդ կառույցը պարզապես զրոյից է ստեղծվել և դարձել է ամենաթափանցիկ և գործուն կառույցներից մեկը:
Լուրը նրանից ճշտելու Orer.am-ի փորձերը ապարդյուն էին. Բաբայանի հեռախոսն անհասանելի էր: