«Շահդենիզ» գազի հանքավայրում Ադրբեջանի շահույթը զգալիորեն նվազել է
Международные новости«Շահդենիզ» նախագծի շրջանակում գազի եւ գազի կոնդենսատի արտահանումից Ադրբեջանի շահույթը, որը կուտակվում է Նավթի պետական հիմնադրամում, 2015 թվականի առաջին կեսին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 36 տոկոսով պակասել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Natural Gaz Europe մասնագիտացված հրատարակությունը:
Դրա համար որպես պատճառ հրատարակությունը նշում է նավթի, գազի համաշխարհային գների նվազումը, ինչպես նաեւ «Շահդենիզ-2» նախագծի վրա կապիտալ ծախսերի մեծացումը:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Ադրբեջանի պետբյուջեի հիմնական մատակարարն է:
«Շահդենիզ-1» հանքահորից գազի հիմնական գնորդը Թուրքիան է, որը, հրատարակության տվյալներով, գնային արտահայտությամբ 25 տոկոսով կրճատել է ադրբեջանական գազի ներկրումը, իսկ գազի կոնդենսատի գինը տարեկան կտրվածքով ընդհանրապես 45 տոկոսով նվազել է:
Ադրբեջանում էներգակիրների գլխավոր օպերատոր «Բրիթիշ փեթրոլիում» (BP) ընկերության ընթացիկ տարվա առաջին կեսի զեկույցի համաձայն` «Շահդենիզ» նախագծի մասնակիցները մեծ կորուստներ են կրում «Շահդենիզ-2» նախագիծը կյանքի կոչելու համար: Այսպես, հունվար-հունիս ամիսներին «Շահդենիզ»-ի վրա 2,26 մլրդ դոլար կապիտալ ներդրում է արվել: Դա արվել է հիմնականում նախագծի երկրորդ փուլի իրագործման համար: 2014 թվականին նախագծի առաջին փուլի վրա ներդրվել է 1,766 մլրդ դոլար: