ԱՄՆ-ը եւս 20 մլն դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի Վրաստանին
Международные новостиՊենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը եւ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Վաշինգտոնում քննարկել են 20 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը, որը Թբիլիսին կարող է ստանալ «Եվրոպայի անվտանգության ապահովման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, ասված է ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության՝ օգոստոսի 18-ին տարածված հաղոդագրության մեջ:
«Նախարարները քննարկել են ռազմական օգնությունը, որն ԱՄՆ-ը ցուցաբերում է Վրաստանի զինված ուժերին, այդ թվում՝ «Եվրոպայի անվտանգության ապահովման նախաձեռնությունը» ծրագրի շրջանակներում 2015 թվականին 20 մլն դոլարի հավելյալ ֆինանսավորում հատկացնելու պլանները»,- նշել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը:
Նա ընդգծել է, որ երկու գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպման թեմաներից մեկը եղել է «տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաեւ վրաց-ամերիկյան հարաբերությունները պաշտպանության ոլորտում»: Քարթերը հավաստել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ, այդ թվում՝ «ամենամյա երկկողմ ու բազմակողմ վարժանքների միջոցով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: