Ադրբեջանի 2016թ. բյուջեն այս տարվա բյուջեին կզիջի 40 տոկոսով. փորձագետ
Международные новостиԱդրբեջանի 2015 թվականի բյուջեն հաստատվել էր 20 մլրդ մանաթի շրջանակում, սակայն, նավթի համաշխարհային գների սրնթաց անկման հետ կապված` արդեն այս տարվա կեսին կատարվել է 700 մլն պակասորդով: Չնայած բազմաթիվ նախագծեր դադարեցվել են, իրավիճակը մխիթարիչ չէ, քանի որ 2015 թվականի բյուջեում նավթի մեկ բարելի գինը սահմանվել է 90 դոլար հաշվարկով, ի սկ 20 մլրդ մանաթ բյուջեի կեսը կազմել է Նավթի հիմնադրամի տրանսֆերտները:
Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ ներկայում նավթի գինը մեկ բարելի դիմաց 50 դոլարից ցածր է, իսկ աշխարհի ազդեցիկ կառույցների կանխատեսումներն այդ իմաստով լավատեսական չեն: Ըստ թերթի, ընթացիկ տարվա առաջին կեսին բյուջեի պակասորդով կատարողականի պատճառը միայն նավթի գնանկումը չէ: Հարկերի նախատեսված ծավալների հավաքման առաջ խնդիրներ են առաջացրել բազմաթիվ աշխատատեղերի փակվելը, զանգվածային կրճատումները, բյուջեի եկամուտները նվազել են նաեւ եկամուտների պակասելու պատճառով:
Այս առնչությամբ թերթի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Գադիր Իբրահիմլին հայտնել է, որ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի մեկ բարելի գինը, նախնական տվյալներով, նախատեսվել է 50 դոլարի շրջանակում, ինչն անցյալ տարվա պետբյուջեում նախատեսվածից 40 դոլարով ցածր է: «Քանի որ կառավարությունը մեծ թվով նախագծեր է կրճատել, հնարավոր է խուսափել բյուջեի մեծ պակասորդից: Սակայն, ընդհանուր առմամբ, եկող տարվա բյուջեն այս տարվա բյուջեից նվազագույնը 25-40 տոկոսով պակաս կլինի: Այսինքն` բյուջեն ներկայիս մակարդակից բավականին փոքր կլինի: Դա պա յմանավորված է այն բանով, որ նավթի գինը գնում է դեպի նվազում, իսկ ոչ նավթային հատվածն այդ կորուստները փակելու հզորություն չունի»,- ընդգծել է Իբրահիմլին: