ԱՄՆ-ը բավարար չի համարում ԻՊ-ի դեմ գործողություններում Թուրքիայի աջակցությունը
Международные новостиԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշ Քարթերը Պենտագոնում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան բավարար աջակցություն չի ցուցաբերում ԱՄՆ-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
Ըստ թերթի` Քարթերն ընդգծել է, որ ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ինքնաթիռների ռազմական գործողությունների համար Թուրքիայի կողմից միայն ավիաբազաների բացումը բավարար չէ:
Քարթերն ասել է, որ Թուրքիան պետք է ամբողջությամբ մասնակցի ԻՊ-ի դեմ օդային գործողություններում:
Թերթը գրում է, որ Վաշինգտոնում գնալով ավելի է արձագանքներ ստանում ԻՊ-ի և Թուրքիայի միջեւ նավթի առեւտրի մասին արեւմտյան աղբյուրների հաղորդումները, ըստ որոնց այդ առեւտուրն արդեն ընթանում է 2-2,5 տարի եւ ԻՊ-ի համար օրական 1-4 մլն դոլար եկամուտ է ապահովում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների հարցերով նախկին վերլուծաբան, Վաշինգտոնի ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի աշխատակից Ջոնաթան Շանցերն այդ առնչությամբ հայտարարել է. «ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող վայրերից նավթի վաճառքը Թուրքիայի միջնորդներին լավ հայտնի է: Դրա վկայությունն այն է, որ երկար ժամանակ Թուրքիայի հետ ԻՊ-ի սահմանը շատ հանգիստ էր, ԻՊ-ը չի հարձակվում Թուրքիայի վրա: Այս դրությունը մեկ անգամ եւս հաստատում է, որ ԻՊ-ը նավթ է վաճառում Թուրքիային:
Միջազգային ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ իր վերահսկողության տակ գտնվող նավթահորերից ԻՊ-ը Թուրքիային նավթը վաճառում է շուկայականից երկու անգամ ցածր գնով: