Բարեկամական խմբի ղեկավարի նշանակումը բացառապես ԱԺ նախագահի լիազորությունն է. ԱԺ փոխխոսնակի պարզաբանումը
ПолитикаՕրերս մամուլում չճշտված տեղեկատվություն է հրապարակվել, ըստ որի` ՀՀ Ազգային ժողովի փոխանախագահ Հերմինե Նաղդալյանը հրաժարվել է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարումից: «Արմենպրես»-ը ներկայացնում է նշվածին ի պատասխան ԱԺ փոխխոսնակի պարզաբանումը:
«Առհասարակ, ճիշտ կլիներ, որ մեր հանրային քննարկումները և լրատվական դաշտը զերծ մնային չճշտված տեղեկատվությունների, հորինված վարկածների հրապարակումից, առավել ևս, երբ դրանք վերաբերում են միջպետական հարաբերություններին, կամ երկրի համար կարևոր այլ հարցերի: Ինչ վերաբերում է կոնկրետ այս հրապարակմանը, ապա ասեմ, որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավարի փոփոխության համար միակ պատճառ է հանդիսացել իմ բազմազբաղությունը, քանի որ հանդիսանում եմ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իապանիա բարեկամական խմբերի ղեկավար, ունեմ բավական մեծ ծանրաբեռնվածություն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական և կուսակցական պարտականություններ: 2014 թվականի ամռանից ղեկավարում եմ նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը և այդ իմաստով, իսկապես, աշխատում եմ մեծ ծանրաբեռնվածությամբ: Այդ համատեքստում` իմ գործրնկեր Սամվել Նիկոյանի հետ իմ աշխատասենյակում մի քննարկման ժամանակ իր կողմից եղավ առաջարկ` աշխատելու որպես Հայ-ամերիկյան խմբի ղեկավար, որը ինձ համար շատ ընդունելի էր: Մենք միասին այդ թեման քննարկեցինք ԱԺ նախագահի հետ և ստացանք նրա համաձայնությունը: Դրա արդյունքում ԱԺ նախագահի կողմից կայացվեց համապատասխան որոշում, և այս տարվա ապրիլի 17-ին ստորագրվեց բարեկամական խմբի ղեկավարի փոփոխության մասին կարգադրությունը, որը հանդիսանում է բացառապես ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունը: Մնացած բոլոր դատողությունները՝ թե’ ԱՄՆ դեսպանի միջամտության մասին (որը այդ օր երին նոր-նոր էր սկսում իր պաշտոնավարումը Հայաստանում ), թե’ «Գրիբոյեդով» ակումբի մասին, որին ես չեմ անդամակցում, և թե մնացած թեմաներով` բացարձակ անհիմն են և անտեղի: Բարեկամական խմբի ղեկավար եղած ժամանակ ունեցել եմ հրաշալի աշխատանքային և բարեկամական հարաբերություններ թե՛ ԱՄՆ դեսպանի, և թե՛ դեսպանության աշխատակազմի հետ:
Հայաստանն ինքնիշխան պետություն է, իր խնդիրները լուծում է իր պետական շահերին համապատասխան, վարել և վարում է պետականամետ և հավասարակշռված քաղաքականություն միջազգային ասպարեզում, և դա նկատվում ու գնահատվում է ինչպես գործընկեր-պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից»: