Ադրբեջանում բանկերը ոչ մեկին 200 դոլարից ավել փող չեն տալիս
Международные новостиԱդրբեջանում ազգային արժույթի` մանաթի հերթական արժեզրկման մասին լուրերի հետ կապված երկու օր շարուակվող «դոլարային տենդի» պատճառով օգոստոսի 24-ից փոխանակման կետերում եւ բանկերում քաղաքացիներին 200 դոլարից ավելի արտարժույթ չի վաճառվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական faktxeber.comլրատվական կայքը:
Ըստ կայքի` չնայած դրան` փոխանակման կետերում եւ բանկերում երկար հերթեր են գոյացել: Քաղաքացիները մի բանկից կամ փոխանակման կետից վազում են մյուսը, որպեսզի կարողանան ազատվել իրենց մոտ եղած մանաթից: Նշվում է, որ միայն երեկվա ընթացքում Բաքվում քաղաքացիները 370 մլն դոլար են գնել:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիեւն Ադրբեջանում մանաթից ազատվելու բնակչության դոլարային իրարանցման հետ կապված ասել է, որ բանկերում դոլար չլինելը կապված է ոչ թե շարքային քաղաքացիների կողմից դոլար գնելու, ինչը փոքր չափի, այլ ստվերային մեծ չափերի հասնող փոխանակումների հետ:
Փորձագետն անխուսափելի է համարել մանաթի երկրորդ արժեզրկումն այս տարի:
«Այս անգամ արժեզրկումը կլինի 20-25 տոկոսի սահմաններում: Հնարավոր է` կառավարությունը գնա փափուկ արժեզրկման: Սակայն, եթե իրավիճակն անելանի դառնա, կտրական արժեզրկումն անխուսափելի կլինի», -ասել է նա:
Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալներով` միայն հուլիսին բանկի արտարժույթի պահուստը 18,7 մլն դոլարով նվազել է: Փետրվարի 21-ի մանաթի արժեզրկումից հետո ԿԲ-ի արտարժույթի պահուստը 3 մլրդ դոլարով նվազել է, իսկ տարեկան կտրվածքով` 6,6 մլրդ դոլարով: