Թուրքիան միացել է ԻՊ-ի դեմ կոալիցիային. ԱՄՆ
Международные новостиԱՄՆ-ի պատշտպանության նախարարությունը հաստատել է Թուրքիայի միանալը Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը` Անկարայի այդ որոշումն անվանելով ԻՊ-ի դեմ պայքարում «կարեւոր քայլ»:
Նրա խոսքով` Անկարայի հետ ձեռք բերված համաձայնությունը «հատուկ նշանակություն ունի կոալիցիոն ինքնաթիռների հետ համատեղ օդային հանձնարարությունների իրագործման տեսակետից», եւ «օգնելու է ԻՊ-ին օդից հարվածներ հասցնելու գործում»:
Որոշ ժամանակ առաջ Թուրքիայի կառավարությունը ԱՄՆ-ի օդուժին թույլատրել էր ԻՊ-ի դեմ գործողություններում օգտվել Ինջիռլիքի ռազմական օդանավակայանից:
Հետաքրքիր է, որ Պենտագոնի խոսնակն անպատասխան է թողել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանակից տարածքում այսպես կոչված` անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի համառ առաջարկների վերաբերյալ լրագրողների հարցը, ինչին ԱՄՆ-ը մինչ այժմ դեմ էր հանդես գալիս: Փիթեր Քուկը հավաստիացրել է, որ Պենտագոնը շարունակելու է աջակցել ԻՊ-ի դեմ պայքարող «չափավոր» սիրիական ուժերին, այդ թվում` քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG):
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին էլ այդ առնչությամբ հայտարարել է, որ շարունակելու են «թուրքական կառավարության հետ ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցելու ճանապարհների որոնումները»: