Իսրայելից հետո Եվրոպան էլ է հրաժարվում ադրբեջանական նավթից
Международные новостиՇուկաներից ստացված տեղեկությունների համաձայն` արեւմտյան Աֆրիկայից նավթի մատակարարումների մեծացման հետ կապված կնվազեն Եվրոպայի տարբեր երկրներից, այդ թվում` Ադրբեջանից գնվող Azeri Light եւ CPC Blend նավթի վաճառքի ծավալները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ամերիկյան Platts անկախ տեղեկատվական գործակալությունը, որը հանդիսանում է աշխարհում էներգետիկ արդյունաբերության վերաբերյալ ամենահեղինակավոր տեղեկատվական աղբյուրներից մեկը:
Ուշադրության դարձնելով Ասիայում արեւմտաաֆրիկյան նավթի պահանջարկի նվազմանը եւ փոխադրման հարմար երթուղուն` եվրոպական նավթավերամշակող ընկերությունները որոշել են սեպտեմբերին չմշակված նավթի օրական մոտ 1,6 մլն բարել լրացուցիչ մատակարարումներ (50 մլն բարել) ընդունել Նիգերիայից եւ Անգոլայից:
Նավթի այդ չնախատեսված հոսքն իր հերթին փոխել է նավթի ավանդական տեսակների վերջնական օգտատերերի պահանջարկի պարամետրերը, ինչը կբերի օգտագործվող նավթի տեսակների, հատկապես` ադրբեջանական Azeri Light նավթի տեսակի պահանջարկի նվազմանը:
Չորեքշաբթի CIF պայմաններով մատակարարվող ադրբեջանական նավթի բեռը գնահատվել էր մեկ բարելի դիմաց Brent+1,70 դոլար, այսինքն` ադրբեջանական նավթի եւ Brent նավթի գնի տարբերությունը նախորդ մակարդակից մեկ բարելի համար կազմել էր 2,30 դոլար, հասնելով 44,34 դոլարի:
Փորձագետները նշում են, որ նման իրավիճակը զարգանում է համաշխարհային շուկաներում առաջարկի շարունակվող աճի ֆոնին, այն դեպքում, երբ պահանջարկը չի մեծանում: Մասնավորապես, նվազել է Արեւմտյան Աֆրիկայում Հնդկաստանի կողմից նավթի գնումները, որը սովորաբար ներմուծում էր ամսական մոտ 8-12 մլն բարել: Նվազել է նաեւ նավթի պահանջարկը Չինաստանում, որը սովորաբար գնում էր արդյունահանվող անգոլական նավթի մոտ 40-50 տոկոսը:
Նավթի առեւտրով զբաղվողները հայտնում են, որ արեմտյան Աֆրիկայում նավթի մնացած մասն անմիջապես կգնեն եվրոպացիները: Փորձագետների կարծիքով` Անգոլան եւ Նիգերիան սեպտեմբերին հարկադրված կլինեն իրենց հայացքն ուղղել Եվրոպային: Նման թվով այլընտրանքային աղբյուրների դեպքում նավթի գներն անշեղորեն կջջնեն, գտնում են Platts գործակալության վերլուծաբանները:
Մի քանի օր առաջ The Financial Times թերթն արդեն հայտնել էր մայիսի սկզբից մինչեւ օգոստոսի 11-ը Իսրայելի կողմից իրաքցի քրդերից 19 մլն բարել նավթ գնելու մասին, որի արժեքը համաշխարհային գներով կազմել է գրեթե 1 մլրդ դոլար:
«Ինչպես հայտնի է, Իսրայելն ավելի վաղ նավթը հիմնականում գնում էր Ադրբեջանից, Ղազախստանից եւ Ռուսաստանից: Իսկ այժմ 3,5 ամիս առաջ երեք քառորդով ավելի ապահովել է իրեն քրդական նավթով: Այսպիսով, համաշխարհային շուկայում նավթի գերավելցուկը բերել է նրան, որ Իսրայելից հետո Եվրոպան էլ է կրճատում Ադրբեջանից նավթի գնումները», - գրում է «Ազադլըգ»-ը: