Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուլենականներն ու PKK-ն գլխացավանք են դարձել իշխանությունների համար
Международные новостиԱդրբեջանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ երկրի իշխանության ներսում լարվածությունն ավելի է աճում: Պատճառը իշխանական շրջանակներում պատգամավորական թեկնածուների ցուցակի պատրաստման հետ կապված տարակարծություններն են. Փաշաեւների եւ Նախիջեւանյան խմբավորումները պա տգամավորների նոր ցուցակի հետ կապված դեռեւս ընդհանուր լեզու չեն գտել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով` ադրբեջանական իշխանությունը եւս մեկ երկընտրանքի առաջ է հայտնվել: Դա կապված է Ֆաթուլլահ Գյուլենի (արդի իսլամի գաղափարախոս) ցանցին կապվածություն ունեցող պատգամավորների հետ: Իշխանությունը չի կարողանում կոնկրետ որոշում ընդունել այդ անձանց խորհրդարան թողնել-չթողնելու հարցում, մինչդեռ նրանց հետեւում մեծ ուժ է կանգնած:
Թուրքիան պահանջում է վնասազերծել Գյուլենի ցանցն Ադրբեջանում: Անկարան միանշանակ գտնում է, որ Թուրքիայում անցկացված վերջին խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խայտառակ պարտությունն Ադրբեջանում ( այստեղ բնակվող Թուրքիայի քաղաքացիներն ԱԶԿ-ի օգտին չէին քվեարկել) կապված է այդտեղ Գյուլենի ցանցի լուրջ հենարաններ ունենալու հետ:
Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ իշխանության մեջ «գյուլենականներ» լինելու ցուցակներ էր ներկայացրել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւին: Դրանով պարզ է դառնում, որ Թուրքիան Ադրբեջանի իշխանություններից համառորեն պահանջում է շարքից հանել Գյուլենի ցանցի անդամներին, ինչպես նաեւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) համակիրներին:
«Իսկ իշխանությունը չի ցանկանում ո’չ փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, ո’չ էլ խորհրդարանական ընտրությունների շեմին` զգայուն պահին դիմակայության գնալ Գյուլենի ցանցի հետ: Ներիշխանական աղբյուրները հայտնում են, որ իշխանությունն այդ հարցը լուծելու կոնկրետ ծրագիր դեռեւս չունի», -գրում է թերթը: