PKK-ն տարածել է Թուրքիայում ադրբեջանական գազամուղը պայթեցնելու տեսանյութը
Международные новостиՔուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները համացանցում տարածել են Թուրքիայի Կարսի նահանգի Սարիղամիշի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարի` վերջին մեկ ամսում երկրորդ անգամ պայթեցնելու տեսանյութը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, գազամուղի պայթեցումները PKK-ն սկսել է իրագործել Թուրքիայի կառավարության հետ միակողմանիորեն հայտարարած զինադադարի դադարեցումից հետո:
Ավելի վաղ Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ շարքից դուրս էր եկել գազամուղի 50 մ երկարությամբ հատվածը, որի վերանորոգումն արդեն սկսվել է եւ կտեւի նվազագույնը 4 օր:
PKK-ի կողմից տարածված տեսանյութում հստակ երեւում է, որ պայթյունի վայրը նախապես հայտնի է եղել եւ այն հատուկ նկարահանվել է: Ուժգին պայթյունից մի քանի վայրկյան հետո, գազատար խողովակաշարում սկսում է այրվել գազը, եւ ծխի ամպը բարձրանում է օդ: 10 րոպե տեւող տեսանյութում PKK-ի մարտիկները ցուցադրում են, թե ինչպես է այրվում ադրբեջանական գազամուղը: Միջադեպի վայրում ուժգին հրդեհը նկատելի է եղել անգամ հարեւան Էրզրում նահանգի տարածքից:
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարը պայթեցվել էր նաեւ օգոստոսի 4-ին: