Ալիեւը խուսափում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին` ԼՂ հարցով դժվար բանակցությունների պատճառով. «Ազադլըգ»
Международные новостиԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների բավականին լարված ժամանակաշրջանում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը խուսափում է մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանին, որի շրջանակում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված նրա հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Թերթը գրում է, որ կասկած չկա, որ Ալիեւը ԱՄՆ մեկնելու մեջ հետաքրքրված չէ, քանի որ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների պատճառով այնտեղ նրան «դժվար բանակցություններ» են սպասում, որոնք «կընթանան շատ խիստ տոնով»:
«Չի բացառվում, որ վերջին պահին իշխանությունը կհրաժարվի այդ այցից եւ պետության ղեկավարի փոխարեն ԱՄՆ կուղարկի այլ պաշտոնյայի, քանի որ ԱՄՆ-ը եւ մի շարք այլ արեւմտյան երկրներ բազմիցս խիստ դժգոհություն են հայտնել Բաքվի վարած քաղաքականությունից»,- գրում է թերթը:
Թերթը, հղում կատարելով ներիշխանական իր աղբյուրներին, գրում է, որ խիստ հավանական է, որ Ալիեւը վերջին պահին կհրաժարվի ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակում նախագահ Սարգսյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ծրագրած հանդիպումից, ինչի մասին երեկ ակնարկել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: