Անցած 8 ամիսներին Ադրբեջանի զինված ուժերը 50 զինծառայող են կորցրել. CDSI
Международные новостиԽազար ռազմական հետազոտությունների ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից Ադրբեջանի զանգվածային տեղեկատվական միջոցների եւ սոցիալական ցանցերի վրա անցկացրած մոնիթորինգի արդյունքների համաձայն` 2015 թվականի 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում ընդհանուր առմամբ 50 զինծառայող է մահացել: Նրանցից 21-ը զոհվել են մարտական պայմաններում, 29-ը` ոչ մարտական պայմաններում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը, ինստիտուտը հայտնում է, որ մահացածներից 8-ն ինքնասպանություն են գործել, 8 հոգի զոհվել են ոչ կանոնադրական դեպքերի (միմյանց գնդակահարելու) պատճառով, 3 հոգի` անզգուշությունից, 2 հոգի` ձնահոսքից, 2 հոգի` արեւահարումից, 2 հոգի` հիվանդությունից: Մահացածներից 44-ը պաշտպանության նախարարության, 3-ը` պետական սահմանային ծառայության, 2-ը` արտակարգ իրավիճակների նախարարության եւ 1-ը ազգային անվտանգության նախարարության զինծառայողներ են:
Նշվում է, որ նախորդ ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ 10 զինծառայողներ վիրավորվել կամ էլ վնասվածքներ են ստացել: 7 զինծառայողներ վիրավորվել են հակառակորդի գնդակից, մեկ հոգի` ականի պայթյունից, մեկ հոգի` ոչ կանոնադրական հարաբերությունների, եւ մեկ հոգի` դժբախտ պատահարի արդյունքում: Վիրավորվածներից մեկը արտակարգ իրավիճակների նախարարության, մյուսները` պաշտպանության նախարարության այս կամ այն զորամասերի զինծառայողներ են:
Խազար ռազմական հետազոտությունների ինստիտուը չի բացառում, որ Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում տեղի ունեցած կորուստների թիվը կարող է իրենց հրապարակածից շատ ավելի մեծ լինել:
Խազար ռազմական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է Գերմանիայում 2014 թվականին: Կառույցի նպատակը Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում տեղի ունեցող գործընթացների վերլուծությունն ու դրանց առնչությամբ ռազմավարական կանխատեսումներ պատրաստելն է:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 97 զինծառայող եւ 54-ից ավելի վիրավոր:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 18 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 11-ը մահացել են մարտական պայմաններում: