Թուրքիայի անվտանգության ուժերը 72 զինծառայող են կորցրել երկու ամսում
Международные новостиԸնթացիկ տարվա հուլիսի 22-ից մինչ օրս Թուրքիայի զինված ուժերի կողմից Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ անցկացված ռազմական գործողություններում թուրքական կողմն անվտանգության ուժերի 72 ծառայող (զինվոր, ոստիկան, գվարդիական) է կորցրել, վիրավորվել են 281 զինծառայողներ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վերջին 58 օրերին PKK-ի մարտիկները 249 բեռնատար ավտոմեքենաներ են այրել:
Ըստ թուրքական մամուլի` PKK-ի դեմ անցկացված ռազմական գործողություններում վնասազերծվել է 965 քուրդ մարտիկ, 28 զինյալներ ձերբակալվել են, որոնցից 22-ը վիրավոր վիճակում:
Հուլիսի 22-ին Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ ահաբեկչական պայթյունից հետո, որի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էին, Թուրքիայում անցկացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բերման են ենթարկվել 2264 քաղաքացիներ, որոնցից 587-ը ձերբակալվել են:
Թուրքական կողմի պնդումներով` Թուրքիայի օդուժերի կողմից անցկացված ռմբահարումների ժամանակ երկրի ներսում վիրավորվել են 250-300 քուրդ մարտիկներ, սահմանից այն կողմ գործողություններում` 580 զինյալներ:
Թուրքիան Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նպատակով վերականգնել է իրաքյան Քուրդիստանի տարածքում Քանդիլ լեռան վրա գտնվող PKK- ի ճամբարների ռմբակոծությունները:
Անկարան երկյուղում է, որ Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի մարտիկների դեմ քրդերի տարած հաղթանակներկց հետո սիրիացի քրդերը, հնարավոր է, ինքնավարություն հայտարարեն այդտեղ, ինչն, անկասկած, կարող է վարակիչ լինել Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում բնակվող քրդերի համար:
Միակողմանի հայտարարած հրադադարից գրեթե երկու տարի անց` հուլիսի 22-ին Ուրֆայի Սուրուջ քաղաքում քրդերի դեմ իրականացված ահաբեկչությունից հետո PKK-ն վերականգնել է Թուրքիայում իր ռազմական գործողությունները: PKK-ն համարում է, որ այդ ահաբեկչական հարձակման հետեւում կանգնած է թուրքական պետությունը եւ փորձում է վրեժ լուծել իր այդ գործողություններով: