Սահմանադրության նախագիծը ժողովրդավարության ու կայունության ամրապնդման հիմքեր է ստեղծում
ПолитикаՍահմանադրության նախագիծը հստակություն է մտցնում տարբեր ոլորտներում, որոնց շնորհիվ ամրապնդվում են ժողովրդավարությունը և կայունությունը։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
«Կարևոր հանգամանքներից մեկը՝ նոր սահմանադրությամբ ամրապնդվում է կուսակցությունների, քաղաքական ուժերի դերը՝ սահմանափակելով երազանքներ ու հավակնություններ ունեցող անձանց արկածախնդրությունները։ Նոր փաստաթղթով կուսակցությունների, քաղաքական դաշտի առողջացման հիմք է դրվում»,- նշեց Ավագյանը:
Պատգամավորի խոսքով՝ քաղաքականությունը միայն գաղափարական ուժերի գործունեության ոլորտ է, իսկ տարատեսակ «գաստրոլյորներն» իրենց նկրտումները թող բավարարեն սեփական երազներում։
«Նախագծով բարդացնում են միևնույն քաղաքական ուժի անվերապահ վերընտրությունը, քանզի ներառել են համամասնական ընտրական համակարգ, պատասխանատվության իրատեսական լծակներ, քաղաքական փոքրաթիվ ուժերի դերի աննախադեպ բարձրացման հիմքեր և այլն»,- ասաց նա:
Անդրադառնալով պատգամավորների կայուն մեծամասնության թեմային՝ Ավագյանը շեշտեց, որ այն ոչ մի կապ չունի որևէ քաղաքական ուժի մենիշխանության հետ։ Հակառակը՝ այն պարտադրում է քաղաքական կայուն մեծամասնության ձգտող ուժին լինել առավելագույնս փոխզիջող և համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ:
«Գործող համակարգի պարագայում կա′մ նախագահի, կա′մ պառլամենտի ընտրությունները կարող են որևէ նշանակություն չունենալ, եթե երկուսն էլ ընտրվում են նույն մեծամասնության կողմից։ Այս պարագայում մատնանշած որևէ հակակշիռ չի կարող լինել: Եթ ե նրանք նույն մեծամասնությունն են, ապա որևէ հակակշիռ չկա, եթե տարբեր են, ապա դա լրջագույն ճգնաժամի և հակամարտության պատճառ է:
ԵՄ անդամներից ընդամենը 1-ն է նախագահական երկիր՝ Կիպրոսը, երեքն են կիսանախագահական՝ Ֆրանսիան, Պորտուգալիան, Ռումինիան։ Մնացածը պառլամենտական են: Մենք կարևորում ենք քաղաքական փոքրամասնության իրավունքները` որպես հակակշիռ»,- ընդգծեց Կարեն Ավագյանը;
Նա նկատեց, որ շահարկվում է փաստը, թե Ազգային ժողովը չի ընտրվում համընդհանուր, ուղղակի ընտրությունների միջոցով: Նրա խոսքով՝ եթե խոսքը ազգային փոքրամասնությունների 2-3 ներկայացուցիչների մասին է, որոնք, միգուցե, պատգամավորական մանդատ կստանան ոչ համընդհանուր ուղղակի ընտրությունների միջոցով, ապա միայն որոշ ընդդիմախոսների է հայտնի, թե 2-3-ը ինչպես են 101-ի մեջ մեծամասնություն կազմում:
«Հակակշիռների բացակայությունը բերելու է անդրկուլիսյան, ստվերային կառավարման՝ հրապարակային կառավարման սկզբունքների փոխարեն: Սահմանադրական բարեփոխում ները լավագույնս լուծում են հակակշիռների խնդիրը։ Սահմանադրության տարբերակի շուրջ անցկացվել են լսումներ, ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի, հանրության ներկայացուցիչների հետ։ Վստահ եմ՝ արված առաջարկները, դիտողություններն ու նկատառումները հաշվի կառնվեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից»:
Պատգամավորը նաև փաստեց, որ երբևէ սահմանադրական փոփոխությունների նախագիծն այսքան բարձր գնահատականի չի արժանացել միջազգային կառույցների կողմից, երբևէ այսքան քննարկումներ չեն ծավալվել քաղաքական ուժերի, հասարակական կառույցների հետ, երբևէ ամեն մի դրույթի ու կետի հետ կապված այսչափ հիմնավորումներ չեն ներկայացվել, երբևէ այսքան համեմատություններ չեն արվել նախկին սահմանադրությունների հետ։