Ամերիկացի փորձագետ. Չինաստանը նաեւ հարկերը պետք է կրճատի
Международные новостиnews.am-ը գրում է.
Դրույքաչափերի հետ միասին Չինաստանը պետք է կրճատի նաեւ հարկերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ամերիկյան Brookings Institution հետազոտական կենտրոնի փորձագետ Դեւիդ Դոլլարը՝ մեկնաբանելով Չինաստանի Ժողովրդական բանկի կողմից առանցքային դրույքաչափերի իջեցումը:
Նրա կարծիքով, դեպոզիտների եւ վարկերի դրույքաչափերի, ինչպես նաեւ պարտադիր պահուստավորման նորմատիվների կրճատումը, որի մասին Չինաստանի Ժողովրդական բանկը հայտարարեց օգոստոսի 25-ին, թեեւ փոքր, բայց եւ այնպես խթան կլինի երկրի տնտեսության համար:
Իհարկե, այս միջոցներն ավելի արդյունավետ կլինեին, եթե երկրի կառավարությունը նաեւ պետական ապարատի բարեփոխումներ իրականացնեց: Ըստ փորձագետի, օգտակար կարող են լինել նաեւ միջազգային ներդրողների համար ծառայությունների շուկայի բացումը, բնակչության գրանցման քաղաքականության մեղմացումը, որը սահմանափակում է գյուղերից քաղաք միգրացիան եւ թույլ է տալիս գյուղերի էժան աշխատուժն օգտագործել արդյունաբերական ձեռնարկություններում:
Նշենք, որ վերջին տարիներին Չինաստանում պահանջարկը շարունակում է մնալ Հայաստանի լեռնամետալուրգիական արտահանումից ստացվող եկամուտները որոշող կարեւորագույն գործոններից մեկը:
Չինաստանում դրույքաչափերի նվազեցման մասին հայտարարություններից հետո մետաղի բորսային գներն աճ արձանագրեցին՝ Չինաստանում տնտեսական ակտիվության վերականգնման հույսերի ֆոնին: Սակայն չինական PMI ինդեքսի (արդյունաբերական հատվածում գործարար ակտիվության ինդեքս) հրապարակումից հետո աճը կանգ առավ: Օգոստոսին այն նվազեց՝ հասնելով 49.7-ի (ի տարբերություն հուլիսի 50.0-ի):