Ստոկհոլմում բազմահազարանոց ցույց է անցկացվել հաջակցություն փախստականների
Международные новостиՍտոկհոլմում վերջին տարիների ընթացքում խոշորագույն ցույցն է անցկացվել ընդդեմ ռասիզմի եւ հաջակցություն փախստականների: Չնայած անձրեւին, ավելի քան 6 հազար մարդ էր հավաքվել Շվեդիայի մայրաքաղաքի հարավային մասի Մեդբոռյառպլատսեն հրապարակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ցույցի կազմակերպիչը Շրջակա միջավայրի պահպանության կուսակցության երիտասարդական թեւն էր, որին աջակցել էին խորհրդարանական մյուս կուսակցությունների գործընկերները, բացառությամբ «Շվեդ դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցության, որը հանդես են գալիս թագավորությունում փախստականների ընդունումը կրճատելու օգտին:
Ելույթ ունեցողների թվում էր Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենը: «Միլիոնավոր մարդիկ փախչում են պատերազմից եւ ահավոր ահաբեկչությունից: Նրանք նույնպիսի մարդիկ են, ինչպես ես եւ դու: Եկել է ժամանակը՝ որոշելու, թե ինչպիսի Եվրոպա ենք մենք ցանկանում տեսնել: Իմ Եվրոպան ընդունում է փախստականներին: Իմ Եվրոպան պատեր չի կառուցում»,- նշել է նա:
Շվեդիայի միգրացիոն վարչության վերջին տվյալների համաձայն՝ երկիր ժամանող փախստականների թիվը միայն օգոստոսին հասել է ռեկորդային 11 հազար 743-ի: Միգրանտների նման հոսք թագավորությունը չի հիշում Բոսնիայում պատերազմի ժամանակներից (1992-1993 թվականներ) ի վեր: Վարչության նախկին կանխատեսումների համաձայն՝ այս տարի Շվեդիան պետք է ընդուներ մինչեւ 80 հազար փախստականների: Այժմ այդ հաշվարկները, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի վերանայել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: