Քըլըչդարօղլուն Էրդողանին մեղադրել է քաղաքական ամբիցիաների համար երկիրն արյան ծովի վերածելու մեջ
Международные новостиԹուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողվորդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է սեփական քաղաքական ամբիցիաների համար երկիրը արյան ծովի մատնելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական թուրքական T24 լրատվական կայքը, Էրդողանի արած այն հայտարարությանը, որ եթե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «400 պատգամավորական աթոռներ ստանար, ապա դրությունը Թուրքիայում այսօր բոլորովին այլ կլիներ», Քըլըչդարօղլուն Twitter-ում պատասխանել է. «Հանուն 400 պատգամավորի` երկիրը վերածեցիր արյան ծովի, մայրերին թողեցիր առանց որդիների, զավակներին որբացրեցիր: Դու խղճի կտոր անգամ չունես»:
Atv - A Haber հեռուստաալիքի եթերում Էրդողանը թուրք ժողովրդին հղած խոսքում Թուրքիայում ստեղծված իրավիճակը պայմանավորել էր ընտրություններում «մի կուսակցության կողմից 400 պատգամավորով խորհրդարան չմտնելով»:
Թուրքիան 13 տարի ղեկավարած Էրդողանն ու իր գլխավորած ԱԶԿ-ն հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում զրկվել են միակուսակցական կառավարություն ձեւավորելու իրավունքից` դրա համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չունենալու պատճառով: Դրանից հետո Էրդողանն ու իր կուսակցությունն ամեն միջոցի դիմեցին, որպեսզի Թուրքիայում կոալիցիոն կառավարություն չստեղծվի եւ նոր` արտահերթ ընտրություններ անցկացվեն` հույս ունենալով, որ նոր ընտրություններում ԱԶԿ-ն միանձնյա իշխանություն կստանա:
Ներկա դրությամբ` Թուրքիայի խորհրդարանում ԱԶԿ-ն ունի 258 պատգամավոր, ԺՀԿ-ը` 131, Ազգայնական շարժում կուսակցությունը` 79, քրդական Ժողովուրդների դեմոկարատական կուսակցությունը` 80 եւ անկախ` 2 պատգամավոր:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրավակով Թուրքիայի զինված ուժերը երկրով մեկ եւ Հյուսիսային Իրաքի (իրաքյան Քուրդիստան) տարածքում ռազմական գործողություններ են սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ` դրանով փորձելով առաջիկա ընտրություններում ստանալ ազգայնականների ձայները: PKK-ն հայտարարել է, որ դադարեցնում է գրեթե երկու տարի միակողմանիորեն հայտարարած զինադադարը եւ պատասխան գործողությունների անցել: Հունիսի 22-ից վերսկսված թուրք-քրդական բախումներում 65-ից ավելի թուրք զինծառայողներ եւ մեծ թվով PKK-ի մարտիկներ են զոհվել:
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ին: