ԱՄՆ-ը Եվրոպայի հետ քննարկում է փախստականների հետ կապված ճգնաժամի կարգավորումը
Международные новостиՄիացյալ Նահանգները Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում իր դաշնակիցների հետ քննարկում է հնարավոր համատեղ այն գործողությունները, որոնք կօժանդակեն Հյուսիսային Աֆրիկայի երկրներից, նախ եւա առաջ՝ Սիրիայից, փախստականների հետ կապված ճգնաժամի կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտն ել է Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Բուգարդը:
Ամերիկյան վարչակազմը մշտական կապ է պահպանում Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի այն պետությունների հետ, որոնք դժվարին կացության մեջ են հայտնվել փախստականների ներհոսքի պատճառով, ասել է նա Reuters գործակալությանը:
Բուգարդը չի ճշտել, թե Վաշինգտոնն ինչ քայլեր կարող է ձեռնարկել միջազգային այդ սուր հիմնախնդրի լուծմանն օգնելու համար:
Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է Եվրոպա ժամանած փախստականների հարցերով հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Ինչպես հայտնել է այդ գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, հեռանկարում այն կկարողանա համանման ճգնաժամային իրավիճակներով զբաղվել աշխարհի այլ տարածաշրջաններում:
Քիրբին նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը 26,6 մլն դոլար է հատկացրել ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությանը՝ Հյուսիսային Աֆրիկայից միգրանտներին օգնելու համար, որոնք փորձում են հասնել Արեւմտյան Եվրոպա:
Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներն այդ երկրից ընդունել է շուրջ 1,5 հազար փախստականների: Ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 31-ին, ԱՄՆ-ը պլանավորում է կեցության իրավունք տրամադրել եւս 300 սիրիացի փախստականների: Վաշինգտոնն առայժմ չի պատրաստվում ավելացնել այդ բաժնեչափը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: