«Հուրիեթ»-ը դատական հայց է ներկայացրել իր խմբագրատան վրա հարձակվողների դեմ
Международные новостиԹուրքիայի հայտնի պարբերականներից մեկը` «Հուրիեթ»-ը, դատական հայց է ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևերի ղեկավար, Ստամբուլից ընտրված պատգամավոր Աբդուրահիմ Բոյնուքալընի և իր խմբագրատան վրա հարձակում գործած շուրջ 200 հոգանոց խմբի դեմ:
Նրանց դեմ ներկայացված են «սեփականությանը վնասելու», «ժողովրդի շրջանում վախ և խուճապ առաջացնելու նպատակով սպառնալու», «Հուրիեթ»-ին սպառնալու» մեղադրանքներ:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները հարձակում են գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ներկայացվել է խեղաթյուրված ձևով: Իշխող կուսակցության ներկայացուցիչներից բաղկացած 200 հոգանոց խումբը հարձակվել է պարբերականի գլխավոր խմբագրատան վրա: Սեպտեմբերի 6-ի գիշերը` Թուրքիայի ժա մանակով ժամը 23:15-ին, բողոքարարները, կոտրելով արգելապատնեշը, փորձել են մտնել շենք: Անվտանգության աշխատակիցները մեծ դժվարությամբ և ուժի կիրառմամբ կարողացել են թույլ չտալ նրանց մուտքը շինություն: Այդուհանդերձ, ցուցարարները կոտրել են շենքի մուտքի ապակիներն ու դռները, անվտանգության աշխատակիցների վրա քարեր են նետել:
Հարձակումից հետո իշխող կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Բոյնուքանլըն ելույթ էր ունեցել` ասելով. «Այսուհետ որևէ տարբերություն չկա Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և PKK-ի, PKK-ի և «Զաման» պարբերականի, «Զաման»-ի և Այդըն Դողանի միջև. բոլորն էլ ահաբեկչական կազմակերպություններ են»: