Թուրք ազգայնականները հարձակվել են քրդական կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
Международные новостиԹուրք ազգայնականներից բաղկացած մի խումբ Անկարայում սեպտեմբերի 8-ի երեկոյան հարձակում է իրականացրել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա: Հարձակվողները ձեռքներում պահել են Թուրքիայի, ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցության դրոշներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Թեպետ հարձակման ժամանակ գրասենյակի շենքի մոտ եղել են ոստիկանական խմբեր, սակայն նրանք որևէ կերպ չեն խոչընդոտել ցուցարարների մուտքը շենք: Հարձակման պահին կուսակցության` շենքում գտվող 3 աշխատակից բարձրացել է ամենավերևի հարկը` փորձելով պաշտպանվել:
Քրդական կուսակցության կենտրոնական գրասենյակի շենք մուտք գործած ազգայնականներն այն կրակի են տվել: Հաղորդվում է, որ շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ այրվել է, կրակը հնարավոր է եղել մարել միայն հրշեջների ժամանումից հետո:
Քրդական կուսակցությունից հայտնել են, որ նախքան երեկոյան հարձակումն իրականացնելը, ազգայնականները ողջ օրվա ընթացքում պտտվել են շենքի շուրջը և սպառնալիքներ են հնչեցրել: Թեպետ կուսակցությունից այս մասին տեղեկացվել է ոստիկանությանը, սակայն վերջիններս որևէ քայլ չեն կատարել հարձակումը կանխելու համար: