Հյուսիսային Իրաքի քրդերը միանում են PKK-ին
Международные новостиԻրաքյան Քուրդիստանի` թուրքաբնակ քրդերին աջակցության խոստումները չկատարելուց դժգոհ Հյուսիսային Իրաքի քրդերը զանգվածաբար անդամակցում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւին, որը պայքարում է Թուրքիայում քրդական ինքնավարություն ստեղծելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է անգլիական Independent թերթը` վկակայկոչելով Էրբիլի եւ Քիրքուկի իր աղբյուրները:
Նշվում է, որ Հյուսիսային Իրաքի քուրդ երիտասարդներն ավելի շատ միանում են այդ տեղանքի Կանդիլ լեռան ստորոտներում տեղակայված PKK-ի ստորաբաժանումներին, քան Թուրքիայում գտնվող քաղաքական կուակցություններին` վերջիններիս նկատմամբ ավելի քիչ վստահություն ունենալու պատճառով:
Իրաքի կենտրոնական կառավարության եւ Քուրդիստանի ղեկավարության միջեւ հակասությունների պատճառով, որոնք կապված է քրդական նավթի արտահանումների հետ, Էրբիլի նավթային եկամուտները պակասել են, ինչը բերել է նրան, որ իրաքցի քրդերը չեն կարողանում շարունակել ֆինանսավորել Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ կռվող քրդական կազմակերպություններին: Այդ պատճառով ուշացումներ են լինում նաեւ ԻՊ-ի դեմ կռվելու համար Սիրիա ուղարկված Քուրդիստանի բանակի` փեշմերգաների աշխատավարձերի վճարումներում: Բացի այդ, որոշակի տնտեսական դժվարություններ են ծագել նաեւ Քուրդիստանում` նաեւ կապված Սիրիայից միլիոնից ավելի փախստականների պատճառով: Այս բոլորը դժգոհություն է առաջացրել քուրդ երիտասարդների մոտ, ովքեր որոշել են միանալ PKK-ին` քրդական խնդրի լուծումը Թուրքիայում արագացնելու համար:
PKK-ի խոսնակ Զագրոս Հիվայի խոսքով` այդ գործոնների պատճառով Հյուսիսային Իրաքից PKK-ին միացող քուրդ երիտասադների թվում «մեծ աճ» է ի հայտ եկել:
«Ամեն ամիս Հյուսիսային Իրաքից Կանդիլում PKK-ի շարքերին մոտ 100 քուրդ երիտասարդներ են միանում», - BBC Turk-ին հայտնել է Զագրոս Հիվան: