Ադրբեջանում ՃՏՊ-ից մեկ զինծառայող զոհվել, մեկն էլ վիրավորվել է
Международные новостиՍեպտեմբերի 9-ի գիշերը Ադրբեջանի Լենքորան քաղաքում Հեյդար Ալիեւի անվան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 34-ամյա ենթասպա Ռամին Գիյամեդդին օղլու Մամեդլին եւ ծանր վիրավորվել 24-ամյա զինծառայող (կոչումը չի նշվում) Ռասիմ Նովրուզ օղլու Ումիդովը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.azլրատվական կայքը:
ՃՏՊ-ի ենթարկված OpelAstra ավտոմեքենայի ղեկին եղել է ենթասպա Մամեդլին: Զոհված եւ վիրավոր զինծառայողները եղել են Խաչմազի շրջանից եւ ծառայելիս են եղել միեւնույն զորամասում:
Զինծառայողը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել պողոտայի մայթին գտնվող ծառին: Ուժգին հարվածից վարորդը մեքենայից դուրս է շպրտվել, իսկ ծառն ընկել է նրա վրա: Զինծառայող Ումիդովը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է Լենքորանի հոսպիտալ: Փաստի հետ կապված Ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել:
Ադրբեջանի APA լրատվական գործակալությունը լուրը հայտնել է առանց նշելու, որ զոհվածն ու վիրավորը զինծառայողներ են:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի համաձայն` այս տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 103 զինծառայող եւ 55-ից ավելի վիրավոր: