Թբիլիսիի կենդանաբանական այգին վերաբացվել է ջրհեղեղից հետո
Международные новостиԹբիլիսիի մասամբ վերականգնված կենդանաբանական այգին, որը լուրջ վնասվել էր հունիսին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի ժամանակ, վերսկսել է իր աշխատանքը, գրում է gazeta.ru-ն:
«Ջրհեղեղի ժամանակ կենդանաբանական այգին կորցրել է 277 կենդանի, դա շատ մեծ թիվ է»,- հայտարարել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
«Դրանք կենդանաբանական այգու ամենահետաքրքիր կենդանիներից էին, որոնք գրավում էին այցելուների ուշադրությունը: Նրանց թվում կային սպիտակ առյուծներ, կապիկներ, որոնք, ցավոք, բոլորը սատկել են, նաև շատ այլ տեսակներ: Բայց չնայած դրան, մեզ մոտ մնացել են հետաքրքիր կենդանիներ, որոնց կրկին կարելի է տեսնել: Դա սպիտակ ռնգեղջյուրն է, ընձառյուծները և այլն»,- ասել է նա:
Կենդանաբանական այգու տնօրենը պատմել է նաև, որ մինչև 2016 թվականի գարուն կենդանաբանական այգի է նախատեսվում բերել մոտ 150 նոր կենդանի:
Հաղորդվում է, որ Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել նոր կենդանաբանական այգի կառուցել Թբիլիսիում, որն իր տարածքով ինն անգամ կգերազանցի ներկայիս կենդանաբանական այգու տարածքը: