Էրդողանն իշխանութունը մաքրում է Գյուլի եւ Դավութօղլուի հովանավորյալներից
Международные новостиԹուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 5-րդ համագումարում 50 հոգուց բաղկացած կուսակցության խորհուրդ է ստեղծվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սյոզչու» թերթը, չնայած ԱԶԿ-ի նախագահ է վերընտրվել ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, սակայն, Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ` ցուցակից հանվել են Դավութօղլուի մերձավորները, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր կողմ են այդ երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի իշխանության վերադարձին:
Թերթն ընդգծում է, որ ԱԶԿ համագումարը ուշագրավ է նաեւ այն բանով, որ կուսակցության խորհրդի կազմում ընդգրկվել է Էրդողանի փեսան` Բերաթ Ալբայրաքը: Ավելի վաղ խոսվում էր, որ ԱԶԿ-ի հաջորդ նախագահ կարող է «ընտրվել» Էրդողանի դուստրը` Սումեյա Էրդողանը: