ԳՖՀ-ի փոխկանցլերն սպառնացել Է սահմանափակել ԵՄ-ի ֆինանսավորումը
Международные новостиՓախստականների խնդիրը Եվրամիության համար ավելի վտանգավոր Է, քան Հունաստանի ճգնաժամը:
Այդ մասին սեպտեմբերի 15-ին Բեռլինում հայտարարել Է ԳՖՀ-ի փոխկանցլեր, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նախագահ Զիգմար Գաբրիելը:
Deutsche Welle-ն նշում Է, որ Գաբրիելն սպառնում Է սահմանափակել եվրոպական ինստիտուտների ֆինանսավորումը, եթե այդ խնդիրը չլուծվի:
Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների՝ անարդյունք ավարտված բանակցություններից հետո Գերմանիայի փոխկանցլերն առաջարկել Է գումարել ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողով:
«Մեզ համար պետք Է պարզ լինի, որ խաղաքարտի վրա Է դրված Եվրոպայի միասնությունը: Եթե միգրացիայի խնդիրների շուրջ պայմանավորվածություն ձեռք չբերվի, ապա սպառնալիքի տակ կհայտնվի ԵՄ-ի ֆինանսական պլանավորումը»,-ասել Է նա:
Փոխկանցլերի խոսքով, անթույլատրելի Է, որ վճարողի դերում հանդես գա միայն Գերմանիան: «Բոլորը ցանկանում են փող ստանալ, բայց չեն ցանկանում ստանձնել պատասխանատվություն»,-ասել Է քաղաքական գործիչը:
Նա նշել Է, որ Գերմանիան ուժեղ տնտեսությամբ երկիր Է, բայց չի կարող միայնակ կարգավորել փախստականների հարաճուն հոսքով պայմանավորված ճգնաժամը: Գերմանիայի կառավարության փոխղեկավարը չի բացառել, որ այն դեպքում, եթե ԵՄ-ի գծով գործընկերները չցանկանան համերաշխություն դրսեւորել, Բեռլինը կարող Է գնալ այն միջոցների կրճատմանը, որոնք հատկացվում են Բրյուսելի ծրագրերի իրագործմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: