Նյու Յորքում բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը
Международные новостиՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում աշխատանքն է սկսել համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, տեղեկացնում է Արմենպրեսը:
Առաջին նիստը բացել է ԳԱ-ի նախագահը՝ Դանիայի արտաքին գործերի նախկին նախարար Մոգենս Լիկետոֆտը: Իր ներածական խոսքում նա հույս է հայտնել, որ ԳԱ-ի հոբելյանական նստաշրջանը «հիրավի պատմական կլինի»: Լիկետոֆտը հիշեցրել է, որ տասն օրից ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի կունենա գագաթնաժողով, որի ընթացքում կհաստատվի մինչեւ 2030 թվականը գլոբալ զարգացման բնագավառի օրակարգը, որը նպատակամղված է աղքատության եւ սովի վերացմանը:
Բացի այդ, ԳԱ-ի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը վերաբերող բանաձեւի նախագիծը քվեարկության դնելու, ինչպես նաեւ դեկտեմբերին Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պլանների մասին: 2016 թվականի գարնանը Գլխավոր Ասամբլեան հանդիպում կանցկացնի թմրանյութերի դեմ պայքարի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդելու հարցերի շուրջ, հայտնել է Լիկետոֆտը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բարձր է գնահատել ԳԱ-ի նախագահի կողմից շարադրված աշխատանքի պլանը եւ հայտարարել է «դրան լիակատար աջակցություն ցուցաբերելու» պատրաստակամության մասին:
«Այս նստաշրջանը նշանավորում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 70-ամյակը: ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներն անցել են ժամանակի ստուգումը»,- ասել է Պան Գի Մունը: Միեւնույն ժամանակ նա ուշադրություն է դարձրել այն «տառապանքների մասշտաբների վրա, որոնք շարունակվում են աշխարհում»: «Այսօր ես հատկապես հիշում եմ Սիրիայի ժողովրդին, նրանց, ովքեր սարսափազդու բռնության են ենթարկվում երկրի ներսում, եւ նրանց, ովքեր փախել են եւ ամեն կերպ ապաստան են փնտրում ու փորձում են նոր կյանք սկսել»,- նշել է նա:
ԳԱ-ի 70-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 170 թեմա, ներառյալ խաղաղության եւ անվտանգության պահպանման, զինված հակամարտությունների կանխման, ահաբեկչությանը, ռասսայական խտրականությանը եւ այլատյացությանը հակազդելու, շրջակա միջավայրի պաշտպանության, երկրների կայուն զարգացմանն աջակցման, միջուկային չտարածման ռեժիմի պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության ապահովման հարցերը:
Ավանդաբար նստաշրջանի բացումից մեկ շաբաթ անց Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ընթանում է ընդհանուր քաղաքական բանավեճ, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների պատվիրակները կարող են արծարծել ցանկացած հարց:
Սակայն այս տարի ընդհանուր բանավեճերը հետաձգվել են ավելի ուշ փուլ, իսկ ԳԱ-ի շրջանակներում առաջին մեծ միջոցառումը կլինի զարգացման հարցերին նվիրված գագաթնաժողովը, որը կանցկացվի սեպտեմբերի 25-27-ին: Դրա ընթացքում կհաստատվի 2015-2030 թվականներին գլոբալ սոցիալ- տնտեսական զարգացման օրակարգը, որի նախագծին ՄԱԿ-ի անդամ երկրները հավանություն են տվել մի քանի շաբաթ առաջ:
Գագաթնաժողովի ավարտից մեկ օր անց ՄԱԿ-ի կենտրոնակայանում կմեկնարկի ընդհանուր քաղաքական բանավեճը, որին այս տարի սպասվում է պետությունների ու կառավարությունների ավելի քան 150 ղեկավարների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի տասնյակ նախարարների մասնակցությունը: Երկրների պատվիրակությունների ելույթները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 3-ը:
Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական մարմինն է: 1946 թվականին՝ Միավորված ազգերի կազմակերպության կազմավորումից մեկ տարի անց, դրա կազմում կար 51 պետություն, այժմ՝ 193: ՄԱԿ-ին անդամակցած վերջին երկիրը 2011 թվականին դարձել է Հարավային Սուդանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: