Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվից մեկնում է Մոսկվա
Международные новостиՌուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 17-ին Սոչիում կհանդիպի իր թուրք գործընկեր Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ներկայում Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Բաքվում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Բաքու է ժամանել սեպտեմբերի 15-ին:
Թուրքական ANKA լրատվական գործակալության համաձայն` այցի նպատակը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկումն է: Ենթադրվում է, որ այցի շրջանակում կքննարկվեն նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում ձեւավորվել է ժամանակավոր կառավարություն, որը պետք է գործի մինչեւ նոյեմբերի 1-ը` այդ երկրում անցկացվելիք արտահերթ ընտրությունների օրը: