Հունաստանում ընտրությունների նախաշեմին ՍԻՌԻԶԱ-ն առաջ է անցել պահպանողականներից
Международные новостиՀունաստանում կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից չորս օր առաջ ձախ արմատական ՍԻՌԻԶԱ կուսակցությունը 4 տոկոսով առաջ է անցել պահպանողական աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա»-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Խմբագիրների թերթը»՝ հղում անելով հասարակական կարծիքի հարցմանը, որն անցկացվել է Prorata ընկերության պատվերով:
Հարցումը կատարվել է սեպտեմբերի 15-ին՝ երկու կուսակցությունների ղեկավարների՝ Ալեքսիս Ցիպրասի եւ Վանգելիս Մեյմարակիսի միջեւ կայացած հեռուստաբանավեճերից մեկ օր անց: Այդ բանավեճերը դիտել է հարցվածների 71 տոկոսը:
ՍԻՌԻԶԱ-ի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 28 տոկոսը, ՆԴ-ի օգտին՝ 24 տոկոսը: Ընդսմին սեպտեմբերի 11-ից, երբ Prorata-ն անցկացրել էր նախորդ հարցումը, տարբերությունը կրճատվել է մեկ տոկոսային կետով՝ 5 տոկոսից մինչեւ 4 տոկոս:
7,5 տոկոսով երրորդ տեղում է ծայրահեղ աջ «Ոսկե արշալույսը», որին, ձայների 5-ական տոկոսով, հաջորդում են Հունաստանի Կոմկուսը, ՊԱՍՕԿ-ը եւ «Պոտամին»: ՍԻՌԻԶԱ-ից անջատված «Ժողովրդական միասնություն» կուսակցությունը, ինչպես եւ Կենտրոնամետների միությունը, հավաքում են ձայների 3 տոկոսը:
Այդպիսով, ըստ հարցման արդյունքների՝ խորհրդարան է անցնում ութ կուսակցություն:
Մեծ թվով հարցվածներ՝ 15 տոկոսը, դեռեւս հստակ դիրքորոշում շունի, թե ում օգտին է քվեարկելու:
Prorata-ի հարցումները գործնականում միակն են, որոնք այդքան զգալի տարբերություն են նշում ընտրարշավի երկու ֆավորիտների միջեւ: Մյուս հարցումները ցույց են տալիս, որ երկու կուսակցությունների միջեւ տարբերությունը կազմում է ընտրողների ձայների 0,2 տոկոսից մինչեւ 0,8 տոկոսը, ինչը տեղավորվում է վիճակագրական սխալանքի շրջանակներում:
Մասնավորապես, սեպտեմբերի 16-ի երեկոյան հրապարկված հարցումը, որը Մակեդոնիայի համալսարանը հեռուստաբանավեճերից հետո անցկացրել է Skai հեռուստաընկերության պատվերով, առավելությունը տալիս է «Նոր դեմոկրատիա»-ին՝ 30 տոկոս ՍԻՌԻԶԱ-ի 29,5 տոկոսի համեմատությամբ:
Նախորդ հարցումը վկայում էր ՍԻՌԻԶԱ-ի առավելության մասին՝ 28,5 տոկոս 27,5 տոկոսի դիմաց: Այսպիսով, հեռուստաբանավեճերից հետո հարցման առաջատարը փոխվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալություն: