Դանիան 100 մլն եվրո կհատկացնի ԵՄ-ում գաղթականների խնդրի լուծման համար
Международные новостиԴանիան ընթացիկ եւ հաջորդ տարի համաեվրոպական ջանքերի շրջանակներում ընդհանուր առմամբ 100 մլն եվրո կհատկացնի Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամը կարգավորելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, հայտարարել Է Դանիայի վարչապետ Լարս Լեկե Ռասմուսենը:
Նա ճշտել Է, որ այդ միջոցների մի մասը կծախսվի ԵՄ-ի՝ արտաքին սահմանների անվտանգության գործակալության (Frontex) գործունեությանն օժանդակելու համար: Մոտ ապագայում նրա լիազորությունները կարող են զգալիորեն ընդլայնվել: Մասնավորապես, Ֆրանսիան եւ Գերմանիան հանդես են գալիս այդ կազմակերպությանը ԵՄ-ում ապաստանի իրավունք չունեցող տնտեսական միգրանտներին հայրենիք վերադարձնելու իրավունք տրամադրելու օգտին, ինչպես նաեւ առաջարկում են զենք տալ գործակալության աշխատակիցներին:
Ինտեգրացման եւ ներգաղթի հարցերի նախարար Ինգեր Ստեյբերգը հայտարարել Է, որ Դանիան պատրաստ Է լրացուցիչ ընդունել հազար փախստականների, պայմանով, որ ԵՄ-ն միասնական դիրք բռնի միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցում: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ Կոպենհագենն առաջվա պես հանդես Է գալիս ԵՄ-ի երկրների միջեւ փախստականների պարտադիր բաշխման որեւիցե մեխանիզմ կիրառելու դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: