Ադրբեջանում ձերբակալվել են Ֆաթուլլահ Գյուլենի 85 հետեւորդներ
Международные новостиԲաքվի Յասամալի շրջանի ոստիկանական վարչության աշխատակիցների կողմից սեպտեմբերի 19-ին անցկացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են արդի իսլամ քարոզող Ֆաթուլլահ Գյուլենի «նուրսիզմի» գաղափախոսության 85 հետեւորդներ:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, «նուրսիստները» ձերբակալվել են քաղաքացի Մուբարիզ Ալիեւին պատկանող` Յասամալի շրջանում գտնվող առանձնատանը:
Առանձնատան զննման ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է 3 հազար կտոր կրոնական գրականություն, որն օրենքով արգելվում է տարածել եւ պրոպագանդել:
Գյուլենականների (նուրսիստների) որսն Ադրբեջանում սկսվել է երկու տարի առաջ` Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո Թայիփ Էրդողանի Բաքու կատարած այցից հետո: Էրդողանի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջ դրած պայմաններից մեկը եղել է «նուրսիստների» մաքրումն Ադրբեջանից:
Դրանից հետո Ադրբեջանում «նուրսիստների» հետապնդմանը զուգահեռ փակվել են Ֆաթուլլահ Գյուլենի հիմնադրամի կողմից ստեղծված կրթական բոլոր օջախները, որտեղ դիմորդներ էին պատրաստվում Ադրբեջանի եւ Թուրքիայի ԲՈւՀ-երի համար:
«Ենի Մուսավաթ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմում եւ ադրբեջանական կառավարությունում բարձրաստիճան անձանց ցուցակը, որոնք անդամակցում կամ կապեր ունեն նուրսիստների կրոնական աղանդի հետ: Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի կողմից «հավաքագրված» չինովնիկների ցուցակում նշված են նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժիններից մեկի ղեկավար Էլնուր Ասլանովի, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի, փոխնախագահ Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքների գծով Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, Երիտասարդության եւ սպորտի նախարար, Ազադ Ռահիմովի, փոխնախարար Ինթիգամ Բաբաեւի, պատգամավորներ Գանիրա Փաշաեւայի, Նիամի Ջաֆարովի, Ջեյհուն Օսմանլըի, AzTV-ի ղեկավար Արիֆ Ալըշանովի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւի անունները:
75-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: