Մեկնարկում է ՉԺՀ-ի նախագահի առաջին պետական այցը Միացյալ Նահանգներ
Международные новостиՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը սեպտեմբերի 22-ին առաջին պետական այցով ժամանում է Միացյալ Նահանգներ: Առաջին կանգառը նա կանի Սիեթլում, որտեղ, ինչպես սպասվում է, ելույթ կունենա Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեի եւ Ամերիկա-չինական գործարար խորհրդի կողմից կազմակերպված ընդունելության ընթացքում, որին հրավիրված են հայտնի քաղաքական գործիչներ եւ գործարար շրջանների ներկայացուցիչներ, մասնավորապես, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
ԱՄՆ-ի Արեւմտյան ափին ՉԺՀ-ի նախագահի երկօրյա գտնվելու ընթացքում գլխավոր իրադարձությունը կդառնա սեպտեմբերի 23-ին նշանակված «Ինտերնետ-ինդուստրիայի ամերիկա-չինական համաժողովը»՝ չինական եւ ամերիկյան 30 ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Սեպտեմբերի 24-ին ՉԺՀ-ի նախագահը կժամանի Վաշինգտոն, որտեղ Սպիտակ տանը կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի եւ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսի հետ: Նա նաեւ հանդիպում կունենա փոխնախագահ Ջո Բայդենի հետ եւ կայցելի Կապիտոլիումի բլուր, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների հետ:
Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ուշադրության կենտրոնում, ինչպես սպասվում է, կլինեն երկկողմ առեւտրի խնդիրները, աշխարհի շուկաների իրադրությունը յուանի անսպասելի արժեզրկումից հետո, Կորեական թերակղզու իրադրությունը եւ այլ հարցեր: Չի բացառվում, որ կարծարծվի կիբեռլրտեսության խնդիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: