ԵՄ-ի՝ Բրյուսելում բացվող արտահերթ գագաթնաժողովում քննարկելու են միգրացիոն ճգնաժամը
Международные новостиԵվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները սեպտեմբերի 23-ին Բրյուսելում քննարկելու են միգրացիոն ճգնաժամը եւ հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը, տեղեկացնում է Արմենպրեսը:
Նրանք միգրացիոն խնդիրը դիտարկելու են ամբողջությամբ, ներառյալ միգրանտների գրանցման հարցերը, տնտեսական նկատառումներով ժամանած մարդկանց եւ մարտական գործողությունների գոտիներից փախստականների տեսակավորման խնդիրները, միգրանտների վերադարձման գործուն համակարգի ստեղծումը, ինչպես նաեւ երրորդ երկրներին ցուցաբերվող օգնությունը, որոնց տարածքում գտնվում են հակամարտության գոտիներից փախածների ճամբարներ: Խնդրի բարդության պատճառով գագաթնաժողովում չի սպասվում վերջնական որոշումների ընդունում: Ամենայն հավանականությամբ, գագաթնաժողովը միայն կձեւակերպի միգրացիոն ճգնաժամի լուծման հիմնական ուղիները, իսկ դրանց մշակումը կշարունակվի ԵՄ-ի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 8-9-ին նշանակված հերթական հանդիպմանը:
Սեպտեմբերի 22-ին Եվրամիության 28 երկրների ներքին գործերի նախարարները քվեարկությամբ հավանություն են տվել Հունաստան, Իտալիա եւ Հունգարիա ժամանած միգրանտների թվից 120 հազար մարդու տեղաբաշխման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Մի քանի երկրներ, ներառյալ Հունգարիան, Չեխիան, Սլովակին, ինչպես նաեւ Շենգենի մեջ չմտնող Ռումինիան, դեմ են քվեարկել, Ֆինլանդիան ձեռնպահ է մնացել: «Մենք կնախընտրեինք համաձայնության հասնել ոչ թե քվեարկության միջոցով, այլ կոնսենսուսով: Բայց, ցավոք, մեզ դա չհաջողվեց անել»,- ասել է ԵՄ-ն նախագահող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով հանդիպման արդյունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: