Սի Ցզինպինը Սիեթլում վստահեցրել է, որ Չինաստանի տնտեսությունը կշարունակի կայուն աճը
Международные новостиՉինաստանի տնտեսությունը կշարունակի արագ եւ կայուն աճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ) ելույթ ունենալով Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեի եւ Ամերիկա-չինական գործարար խորհրդի կազմակերպած հանդիսավոր ընդունելության ժամանակ:
«Չինաստանի էկոնոմիկան կպահպանի կայուն կուրսը, այն կզարգանա բավականին արագ,- ասել է նա:- Ներկայում նրա ցուցանիշներն ընդունելի մակարդակի վրա են: Առաջին կիսամյակում տնտեսության աճը կազմել է 7 տոկոս: Այն աճում է այնպիսի տեմպերով, որոնք ամենաբարձրերից մեկն են աշխարհում: Դա հեշտությամբ չի տրվում՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության բարդ վիճակը»:
ՉԺՀ-ի առաջնորդը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը չի շեղվի բարեփոխումների ճանապարհից եւ կարագացնի բաց տիպի տնտեսության կառուցումը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ընդունելությանը հրավիրված էին 800 քաղաքական գործիչներ եւ գործարար շրջանների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարար Փենի Պրիցկերը:
Սիեթլում, որտեղից ՉԺՀ-ի նախագահն սկսել է իր այցն ԱՄՆ, նա կարող Է հանդիպումներ ունենալ Apple, Microsoft, Boeing կորպորացիաների եւ ամերիկան բիզնեսի մյուս «հրամանատարների» ղեկավարների հետ: