Կոզլարիչն ու Կրամերը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ են արել
Международные новостиԱդրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը եւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին ղեկավար Դեւիդ Կրամերը ամերիկյան մամուլում համատեղ հոդված են հրապարակել, որում ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարությանը կոչ են անում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հոդվածում հեղինակները գրում են. «Հասարակական ակտիվիստների նկատմամբ ճնշումները դատապարտելու փոխարեն ԱՄՆ-ն էներգետիկայի, անդրկասպյան եւ անվտանգության հարցեր քննարկելու համար վերջերս երեք դեսպանորդ է ուղարկել Բաքու` հատուկ դեսպանորդ Ամոս Հոխշտեյնին, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդին եւ ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Էվելին Ֆարկասին: Չնայած մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն օրեցօր վատանում է, Ֆարկասը Բաքվում Ադրբեջանն անվանել է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր»:
Կոզլարիչի եւ Կրամերի կարծիքով` Ադրբեջանի նկատմամբ Վաշինգտոնի որդեգրած «մեղմ դիվանագիտությունը» չի աշխատում, «խորին անհանգստության» մասին հայտարարությունները ոչ մի ազդեցություն չեն ունենում, իսկ բարձրաստիճան ամերիկյան չինովնիկների այցերն ԱՄՆ կողմից ադրբեջանական իշխանություններին պաշտպանելու տպավորություն է ստեղծվում:
«Ցավալի փակուղային իրավիճակը պետք է արագ փոխվի: Անհրաժեշտ է պատժամիջոցներ մտցնել ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների կոպիտ խախտումներում: Պետք է զանգվածային կոռուպցիայի հետաքննություններ սկսվեն, քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է խոսքից գործի անցնեն», -ամփոփել են նրանք: