Մոլդովայի մայրաքաղաքում մոտ 50 հազար մարդ է մասնակցում հակակառավարական ակցիային
Международные новостиՄոլդովայում ընդդիմադիր սոցիալիստների կուսակցությունը, ինչպես նաև «Մեր կուսակցության» անդամները սեպտեմբերի 27-ին մայրաքաղաք Քիշնևի հրապարակ են դուրս բերել մոտ 50 հազար իրենց համախոհների, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում:
Այս մասին ՏԱՍՍ-ի հայտնել է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոն:
«Ակցիայի մասնակիցների ընդհանուր թիվը մոտ հիսուն հազար է: Այս երթով մենք սկսում ենք ընդդիմադիր նոն-ստոպ ակցիան: Անհրաժեշտ է երկիրն ազատել օլիգարխներից և վերադարձնել ժողովրդի հավատը պետության նկատմամբ»,-ասել է նա:
«Մեր կուսակցության» ղեկավար Ռենատո Ուսատին, ով զբաղեցնում է մեծությամբ երկրորդ քաղաք հանդիսացող Բելցիի քաղաքապետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ցույցի մասնակիցները հնարավոր է որոշում կայացնեն վրանային քաղաքի խփելու մասին: «Խորհրդարանի մոտ հարյուր վրան է խփված: Այսօր ցույցին միանալու ցանկություն է հայտնել ևս 800 մարդ: Մենք տարածքներ ենք վերցրել խորհրդարանի, նախագահի նստավայրի, կառավարության և այլ հաստատությունների հարակից վայրերում, բայց թե կոնկրետ որտեղ ենք վրանները խփելու, կորոշենք ավելի ուշ»,-ընդգծել է նա: