Ադրբեջանցի օլիգարխը համագործակցում է ԻՊ-ի հետ. միջազգային ԶԼՄ-ներ
Международные новостиՀամաշխարհային մամուլը հաճախ է անդրադարձել Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչական խմբավորումերի, այդ թվում` «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից խողովակաշարերով նավթի` Թուրքիա հասնելու եւ վերվաճառվելու մասին:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, մասնավորապես` ռուսաստանյան «Նովայա գազետա» հրատարակչության աղբյուրները հաստատել են ահաբեկիչների կողմից վերահսկվող խողովակաշարերով թուրքական «Ջեյհան» նավահանգիստ բեռնանավերով խոշոր ծավալներով նավթ փոխադրվելու մասին լուրերը: Թերթը հայտնել է այն բեռնանավերի մասին, որոնք ենթադրաբար վարձակալվել են թուրք-ադրբեջանցի միլիարդատեր օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին պատկանող Palmali Shipping & Agency JSC ընկերության կողմից: Ըստ հրատարակչութան` աշխարհի առաջատար հատուկ ծառայությունները տիրապետում են այդ տեղեկատվությանը:
Ըստ թերթի` դեռեւս 2014 թվականի սեպտեմբերին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի հաշվետվության ժամանակ Իրաքում Եվրամիության դեսպան Յանա Խիբասկովան հայտարարել էր, որ «ԵՄ որոշ երկրներ ԻՊ-ի մարտիկներից նավթ են գնում»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 29-ին հանդես էր եկել Սիրիայում եւ Իրաքում գործող ահաբեկչական կազմակերպությունների կողմից նավթի առեւտրի անթույլատրելիության մասին հայտարարությամբ:
Ավելի վաղ գերմանական DWN-ը եւ իսպանական La Republica-ն տեղեկություններ էին հրապարակել այն մասին, որ իրաքան Քուրդիստանի կառավարությունը եւ թուրքական հատուկ ծառայությունները լավ տեղեկացված են ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներից մաքսանենգ նավթի մատակարարումների մասին:
«Նովայա գազետա»-ն գրել է, որ Նյու Յորքում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման ժամանակ բարձրացվելու է ԻՊ-ի ֆինանսավորման ուղիների փակման մասին հարցը: