ԵԽ պատգամավորը մտահոգիչ է համարում սահմանին Ադրբեջանի գործողությունները
Международные новостиՄինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը Նյու Յորքում փորձում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա երկխոսությանը, խիստ մտահոգիչ են դառնում վերջին սահմանային հարձակումներն ադրբեջանական կողմից: Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթա կցի հետ զրույցում հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանըքը:
«Սեպտեմբերին ադրբեջանական բանակը երկու հարձակում գործեց Հայաստանի դեմ, ինչը երեք քաղաքացիական անձի մահվան պատճառ դարձավ: Այս ամիս Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ` անդրադառնալով մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում երկրի վատ վիճակին: Ես այս բոլոր հարցերը կբարձրացնեմ այս շաբաթ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ»,- հայտնեց Թանըք:
Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են` 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):