ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը ողջունում է առաջընթացը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցում
Международные новостиԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը ողջունում է սահմանադրական բարեփոխումների հարցում Հայաստանի գրանցած առաջընթացը: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, որում կարևորել է այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը մշակվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցության արդյունքում, որը բարձր է գնահատել բարեփոխումների նախագծի տեքստի որակը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին:
«Հանձնաժողովը նաև բարձր է գնահատում այն, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծն ընդունվելու է հանրաքվեի միջոցով և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին մասնակցել հանրաքվեին և գործընթացի մաս համարվող քննարկումներին»,- ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Հանձնաժողովը նաև նկատում է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի որոշ դրույթներ քաղաքական առումով վիճելի են և լայնորեն քննարկվում են հասարակության կողմից: Նշվում է, որ քաղաքական համակարգի ընտրությունը միայն ՀՀ քաղաքացիների խնդիրն է, և նրանք այդ հարցը պետք է լուծեն հանրաքվեի միջոցով: Հանձնաժողովը կոչ է անում բոլոր շահագրգիռ քաղաքական գործիչներին ապահովել հանրաքվեի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանությունը:
ԵԽԽՎ, մոնիթորինգի հանձնաժողով, հայտարարություն, սահմանադրական բարեփոխումներ, Հայաստան