ԱՄՆ-ն այլեւս չի պահանջում Ասադի անհապաղ հեռացումը. Քերի
Международные новостиԱՄՆ-ը կարեւորում է «սահուն իշխանափոխությունը» Սիրիայում եւ չի պահանջում երկրի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնաթողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք փոփոխել ենք դա… Այդպես չի ստացվի: Հարկավոր է սահուն անցում, կառավարելի անցում, այնպես որ երկյուղներ չլինեն հատուցումների, կորսված կյանքերի ու վրեժի կապակցությամբ»,- նշել է Քերին՝ ի պատասխան լրագրողի այն դիտարկման, որ ավելի վաղ ԱՄՆ-ը պահանջում էր Ասադի անհապաղ հրաժարականը: Քերին հավելել է, որ եթե Ասադն իր պաշտոնն ավելի շուտ լքի, դա կարող է հանգեցնել «ներքին պայթյունի», ինչը երկիրը կզրկի հանրային կյանքից:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, այդպիսով Քերին հայտնել է ԱՄՆ-ի դիրքորոշման փոխվելու մասին:
Բացի այդ, հարցազրույցում պետքարտուղարը նշել է, որ սիրիական հակամարտության լուծմանը Ռուսաստանի ներգրավումը կարող է ԱՄՆ-ի համար «հնարավորություն» դառնալ ճգնաժամի կարգավորման առումով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սեպտեմբերի 28-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ միջազգային հակաահաբեկչական լայն կոալիցիա ստեղծել իսլամական երկրների մասնակցությամբ: Ռուսաստանը, Իրանը, Իրաքը եւ Սիրիան ավելի վաղ ընդհանուր տեղեկատվական կենտրոն են ստեղծել Բաղդադում՝ ԻՊ-ի դեմ պայքարը համակարգելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: