Եվրոպացի մասնագետները ՔԿՀ-ներում բարեփոխումներ իրականացնելու իրենց փորձը կփոխանցեն հայ գործընկերներին
Международные новостиՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ունեցած համագործակցության ներկայիս մակարդակն ու համատեղ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքի հարցում կարևորել Միխայիլ Լոբովի ներդրումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում իրականացվող «Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար» ծրագրին: Արփինե Հովհաննիսյանը և Միխայիլ Լոբովը քննարկել են նաև համատեղ նոր ծրագրերի իրականացման, մասնավորապես, քրեակատարողական ծառայողների համար դասընթացներ անցկացնելու հնարավորություններն ու ձևաչափը:
Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար, ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը մեծ փորձառություն ունի քրեակատարողական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում և հայ գործընկերների հետ ԵԽ լավագույն փորձը կիսելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: