Կազմակերպիչները ադրբեջանցի ուխտավորներին Մեքքայում թողել են անօգնական վիճակում եւ փախել
Международные новостиԿովկասի մահմեդականների վարչության Մեքքա ուխտագնացության կազմակերպիչները, որոնց ղեկավարն, ի դեպ, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի Աժդար անունով ազգականն է, ադրբեջանցի ուխտավորներին Մեքքայի օդանավակայանում թողել են Բաքու չվերթին սպասելիս անօգնական վիճակում եւ փախել:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է minval.az լրատվական կայքը:
Կայքին հասած տեղեկություններով` որպեսզի հյուրանոցի համար չվճարեն, կազմակերպիչները ուխտավորներին ժամանակից մեկ օր շուտ են տանում օդանավակայան, որտեղից նրանք պետք է Բաքու թռչեն:
Օդանավակայանում գտնվող ուխտավորները կայքին հայտնել են, որ իրենցից որոշների առողջական վիճակը խիստ վատացել է, մի քանիսն ուշաթափվել են, կանայք եւ տղամարդիկ քնում են հատակին:
Նրանք պատմել են, որ հյուրանոցից իրենց վերցրել են դեռ երեկ ժամը 11-ին, որպեսզի չվճարեն դրա համար: Գիշերն անցկացրել են Շաջար մզկիթում, իսկ առավոտյան ուղեւորվել են օդանավակայան, որտեղ նրանց ասել են, որ Ադրբեջան չվերթը հետաձգվել է, քանի որ թռիչքի թույլտվություն դեռ չեն ստացել:
Ուխտավորներն ասել են, որ հյուրանոցները սարսափելի են եղել, սննունդը շատերի համար խնդիր է դարձել: Ուխտավորների դժգոհությունը լսելուց հետո կազմակերպիչներն ուղղակի անհետացել են: Հիմնական կազմակերպիչ Աջարը, որը շեյխուլիսլամի ազգականն է, չի պատասխանում հեռախոսազանգերին:
Այս տարի Մեքքա ուխտագնացությունը հիշվել է ծագած հրմշտոցի պատճառով բազմաթիվ մարդկային զոհերով: Միջազգային մամուլը հայտնում է 1300-ից ավելի զոհերի եւ հազարավոր վիրավորների մասին: Այս տարի Ադրբեջանի Մեքքա են մեկնել 2400 ուխտավորներ, որոնցից երկուսն այնտեղ մահացել են: