Էրդողանը սպառնացել է ոչնչացնել ռուսաստանյան ինքնաթիռները
Международные новостиԹուրքիան Ռուսաստանի օդային ուժերի ինքնաթիռներին թույլ չի տա եւս մեկ անգամ խախտել իր օդային տարածքը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, Բելգիա կատարած այցին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի սահմանների ցանկացած խախտում նշանակում է ՆԱՏՕ-ի սահմանների խախտում:
«Գտնում եմ, որ Ռուսաստանը չի ցանկանա փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը Բելգիա է մեկնել այդ երկրի թուրքական համայնքի հետ հանդիպելու համար` կապված Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:
Բելգիական մամուլն այդ առնչությամբ հայտնել էր, որ Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է իր նիստերի դահլիճը տրամադրել թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպման համար` պատճառաբանելով, որ այն չի նախատեսված նման հանդիպումների համար: Այդ պատճառով թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպումը տեղափոխվել է Ստրասբուրգ: