Մարտ ամսից ի վեր Եմենը լքել է շուրջ 114 հազար մարդ
Международные новостиՄարտ ամսից ի վեր շիա ապստամբների` հոուսիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով շուրջ 114 հազար մարդ լքել է Եմենը:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին նշվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և միգրացիայի միջազգային կազմակերպության համատեղ հայտարարության մեջ: Համաձայն հայտարարության` շուրջ 70 հազար մարդ փախուստի է դիմել ճգնաժամի պատճառով և հասել է Ջիբութի, Եթովպիա, Սոմալի, Սուդան: Նա նաև ավելացրել է, որ մոտ 44 հազար մարդ փախուստի է դիմել դեպի Սաուդյան Արաբիա և Օման:
Միգրացիայի միջազգային կազմակերպության պատասխանատուն նշել է, որ գաղթականները այնտեղ հասել են երկար ժամեր ծովում մնալուց հետո: Նրանք իրենց հետ ունեցել են քիչ քանակությամբ իրեր և սննդի, ջրի, շտապօգնության կարիք են ունեցել:
ՄԱԿ-ի մեկ այլ վիճակագրական տվյալների համաձայն` Եմենում զինված հակամարտությունը և բռնությունները պատճառ են դարձել մոտ 1.3 միլիոն բնակիչների գաղթական դառնալուն երկրի ներսում և երկրից դուրս: Միևնույն ժամանակ հակամարտության զոհ է դարձել մոտ 5 հազար մարդ, ևս 25 հազարը վիրավորվել է: