Եվրամիությունը Լյուքսեմբուրգում կքննարկի միգրացիոն ճգնաժամի լուծման միջոցառումները
Международные новостиՄիգրացիոն ճգնաժամը վերստին կդառնա Եվրամիության 28 երկրների ներքին գործերի նախարարների երկօրյա հանդիպման գլխավոր թեման, որը հոկտեմբերի 8-ին բացվում է ԵՄ-ի խորհրդում նախագահող Լյուքսեմբուրգում: ՆԳ նախարարները կքննարկեն ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ գործնական միջոցառումները, տեղեկացնում է Արմենպրեսը:
«Օրակարգում արտաքին սահմանների պաշտպանությունն է, միգրանտներին հայրենիք վերադարձնելու համակարգը, այցագրային քաղաքականությունը, ահաբեկչության դեմ պայքարը, արտաքին անվտանգության ուղղությամբ ԵՄ-ի նորացված քաղաքականությունը, Մալթայում նոյեմբերի 11-12-ի գագաթնաժողովի եւ Արեւմտյան Բալկանների խորհրդաժողովի նախապատրաստումը»,- ասված է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ընդսմին, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Խորհրդին մոտ կանգնած եվրոպական մի աղբյուր, նախարարներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն հայրենիք միգրանտների վերադարձման համակարգի վրա: «Խորհուրդը պնդելու է, որ անդամ երկրները հնարավորինս շատ միգրանտների վերադարձնեն տուն, ինչը, նախարարների կարծիքով, պետք է զսպիչ գործոն դառնա նրանց համար, ովքեր ցանկանում են ուղեւորվել Եվրոպա»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ՆԳ նախարարները կխնդրեն Եվրահանձնաժողովին՝ պատրաստել նոր առաջարկություններ, որոնք թույլ կտան արագացնել այդ գործընթացը: