ԱՄՆ-ն «սփոփիչ վճարներ» կտա Քունդուզի հիվանդանոցին օդային հարվածի հետեւանքով զոհվածների ընտանիքներին
Международные новостиԱՄՆ պաշտպանության նախարարությունը «սփոփիչ վճարներ» կհատկացնի ամերիկյան օդուժի կողմից Քունդուզում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հիվանդանոցին հարվածելու հետեւանքով զոհվածների հարազատներին։
Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքի խոսքով, Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելությունը (USFOR-А) լիազորված է վճարներ տրամադրել զոհերի ընտանիքներին՝ «ողբերգական միջադեպի հետեւանքները վերացնելու համար», ինչպես նաեւ փոխհատուցել հիվանդանոցի շենքի վերանորոգման ծախսերը, հաղորդում է Lenta.ru-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն էր խնդրել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունից՝ հիվանդանոցի ռմբակոծման համար։ Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականները ցավում են զոհերի համար, խոստովանում են իրենց սխալը եւ աշխատում են հասկանալ, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ։
Հիշեցնենք, որ ամերիկյան օդուժի կողմից Քունդուզի հիվանդանոցի ռմբակոծումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին,որի հետեւանքով զոհվել էր 22 մարդ, այդ թվում MSF-ի 12 աշխատակիցներ։