Ադրբեջանի բյուջեն էլ ավելի կփոքրանա 2017 թվականին
Международные новостиԱդրբեջանի բյուջետային ծախսերի կրճատման հոռետեսական սցենարները կշարունակվեն նաեւ 2017 թվականին. 2016 թվականի համեմատ 2017 թվականի պետբյուջեի ծախսերը եւս 10 տոկոսով, կամ 1,6 մլրդ մանաթով կնվազեն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, ասվում է առաջիկա տարիների վերաբերյալ ադրբեջանական կառավարության բյուջետային փաթեթում:
Տվյալ սցենարը կանխատեսված է նավթի համաշխարհային գները 50 դոլարի մակարդակին պահպանվելու պայմանով:
2011 թվականի համեմատ 2016 թվականին Ադրբեջանի պետբյուջեն ծախսային մասով 20 տոկոսով կրճատվել է:
Փորձագետները, վերլուծելով առաջիկա տարիներին Ադրբեջանի պետբյուջեի կանխատեսվող ցուցանիշները, կասկածի տակ են առել իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ սոցիալական հատկացումները եւ պետծառայողների աշխատավարձերը չեն նվազեցվելու, քանի որ, ըստ փորձագետների, գործնականում դա հնարավոր չէ:
Նավթի համաշխարհային գնանկման պատճառով Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել (16,5 մլրդ դոլար):
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: